Կարո՞ղ է գնված ապրանքը վերադարձվել կամ փոխարինվել

Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ: Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 23)

Ի՞նչ ժամկետում գնված ապրանքը կարող է վերադարձվել կամ փոխարինվել 

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության: Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 23)

Ո՞ր դեպքում կարող է գնված ապրանքը վերադարձվել կամ փոխարինվել

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 23)

Ո՞րն է սպառողի իրավունքը, եթե նմանօրինակ ոչ պարենային ապրանքի փոխարինումն անհնար է 

Սպառողի պահանջով վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինման ընթացքում ժամանակավոր օգտագործման համար սպառողին անհատույց հանձնել երկարատև օգտագործման նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների մոտ նշված պահանջի ներկայացման օրը փոխարինման համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը` նշված պահանջի ներկայացման օրից` երկամսյա ժամկետում:Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 19)

Ո՞րն է ապրանքի որակը

արտադրանքի բնութագրերի ամբողջություն, որը վերաբերում է դրա հատկությանը` բավարարելու իր նշանակությանը համապատասխանող՝ սահմանված կամ ենթադրվող պահանջները: .Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՕ, հոդված 2, մաս 1, կետ 11)

Ո՞րն է ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունը

Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին սովորաբար ներկայացվող պահանջներին Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1)

Ո՞րն է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտումը

Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաև այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո և նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինելու պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ). Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1)

Ո՞րն է ապրանքի ծառայության ժամկետը

Ապրանքի շահագործման տևողությունը շահագործման կամ նորոգումից հետո շահագործումը վերսկսելու օրից մինչև իր նշանակությամբ օգտագործման անհնարինությունը: Այն կարող է հաշվարկվել ժամանակի, ինչպես նաև չափման այլ միավորներով (կիլոմետրով, տարիներով և այլն).  («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1)

Ո՞րն է ապրանքի պիտանիության ժամկետը

Ժամանակահատված, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ. Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1)

Ո՞րն է ապրանքի երաշխիքային ժամկետը 

Ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել սույն օրենքով սահմանված սպառողի պահանջները:Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1)

Ո՞րն է  ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգությունը 

Սպառողի կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի համար ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգությունը սովորական պայմաններում` դրա օգտագործման, պահման, փոխադրման, օգտահանման ժամանակ, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացի անվտանգությունը. («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1)

Ո՞ր լեզվով պետք է լինի մակնշումը

ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում արտադրվող ապրանքների հետ սպառողին տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հայերեն և, պատվիրատուի պահանջով, նաև այլ լեզուներով: (ՀՀ կառավարության 2002թ-ի նոյեմբերի 7-ի №1923-Ն որոշմամբ հաստատված «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը եվ պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու» կարգ: Գլուխ I, կետ 3)

Ի՞նչ տվյալներ պետք է պարտադիր պարունակի Կոնկրետ ապրանքի մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը 

Կոնկրետ ապրանքի մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է պարտադիր պարունակի հետևյալ տվյալները

ա) ապրանքի անվանումը.

բ) արտադրող երկրի անվանումը.

գ) արտադրող կազմակերպության (ֆիրմայի) անվանումը.

դ) ապրանքի հիմնական (կամ գործառնական) նշանակությունը կամ դրա կիրառման բնագավառը.

ե) անվտանգ պահման, փոխադրման, անվտանգ և արդյունավետ օգտագործման, անհրաժեշտության դեպքում նորոգման, վերականգնման, վնասազերծման ու ոչնչացման կարգը և պայմանները.

զ) հիմնական սպառողական հատկությունները և բնութագրերը.

է) տեղեկատվություն համապատասխանության հավաստման մասին.

ը) արտադրողի գտնվելու վայրը.

թ) ապրանքի գինը և ձեռքբերման պայմանները.

ժ) երաշխիքային ժամկետը (եթե այդպիսին նախատեսված է օրենքով սահմանված կարգով).

ժա) այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանի ապրանքը.

ժբ) ապրանքների սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիսի գործողությունների չկատարման դեպքում՝ հնարավոր հետևանքների մասին տեղեկությունները, եթե ապրանքները նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իրենց նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի.

ժգ) տեղեկատվություն ապրանքի առուվաճառքի կանոնների մասին: (ՀՀ կառավարության 2002թ-ի նոյեմբերի 7-ի №1923-Ն որոշմամբ հաստատված «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը եվ պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու» կարգ: Գլուխ I, կետ 5)

Որո՞նք են ոչ պարենային ապրանքները

բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք: («Առևտրի եվ ծառայությունների մասին» ՀՕ, հոդված 2)

Ի՞նչ է տեխնիկական կանոնակարգը

Փաստաթուղթ, որն ընդունվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան, կամ ՀՀ օրենքով, կամ ՀՀ կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ.  («Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՕ, հոդված 2, մաս 1, կետ 2)

Ո՞ր չափման միջոցներն են ենթակա ստուգաչափման 

ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի №113-Ն որոշմամբ սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման: («Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ, հոդված 16, մաս 1-ին)

Ի՞նչ պարբերականությամբ են ստուգաչափվում չափման միջոցները 

Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ: («Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ, հոդված 16, մաս 3-րդ)

Ինչպե՞ս են վավերացվում չափագիտական վկայագրման դրական արդյունքները 

Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական: («Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ, հոդված 16, մաս 3-րդ)

Ո՞ր չափման միջոցների շահագործումն է արգելվում 

Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումն արգելվում է: («Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ, հոդված 16, մաս 10-րդ)

Թանկարժեք մետաղներից պատրաստված ո՞ր իրերի մանրածախ առուվաճառքն է արգելվում 

Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը: («Թանկարժեք մետաղների մասին» ՀՕ, հոդված 6, մաս 6-րդ) 

Թանկարժեք մետաղներից պատրաստված, թանկարժեք մետաղներով պատված կամ թանկարժեք մետաղներից դրվագազարդերով զարդարված ո՞ր ապրանքները պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն 

Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն`

ա) թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերը, ինչպես նաև մետաղադրամները, շքանշաններն ու մեդալները. 

բ) գիտական, բժշկական, արտադրական և այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքները, սարքերը, լաբորատոր սպասքը. 

գ) զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգևորականների կողմից կիրառվող և նման այլ առարկաների վրա թանկարժեք մետաղներով արված դրվագազարդերը. 

դ) մինչև 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ընդ որում՝ արծաթից պատրաստված մինչև 3 գրամ կշիռ ունեցող իրերը. 

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերը, որոնք հնարավոր չէ դրոշմել. 

զ) հետագա մշակման ենթակա նախապատրաստվածքները և բոլոր այն անավարտ իրերը՝ որոնց վրա դեռևս կավելացվեն թանկարժեք մետաղներից և (կամ) այլ մասեր, ինչպես նաև նրբաթերթ թանկարժեք մետաղները, արտադրական ձուլվածքները, թափոնը և ջարդոնը: («Թանկարժեք մետաղների մասին» ՀՕ, հոդված 6, մաս 7-րդ)