ԵՄ ԹԱԷՔՍ ծրագրի շրջանակում Երեւանում մայիսի 14-17-ը տեղի ունեցավ «Եվրոպական լավագույն փորձը շուկայի վերահսկողության ոլորտում» խորագրով աշխատաժողովը։ Այն կազմակերպվել էր ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ։
 
Քառօրյա ժողովի ընթացքում եվրոպացի մասնագետները կկիսվեն իրենց լավագույն փորձով, մասնավորապես՝ անդրադառնալով չափագիտության ոլորտի մի շարք խնդիրների, ինչպես նաեւ ստուգումների պլանավորման, մեթոդների, ռիսկերի գնահատման, հաշվետվությունների կազմման, համապատասխանության գնահատման հարցերի։ Քննարկումներում արծարծվեցին նաեւ մասնագիտական բազմաթիվ այլ հարցեր։ 

Ամփոփելով աշխատաժողովը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը նշեց, որ ԹԱԷՔՍ-ի շրջանակում սա առաջին հանդիպում չէր, լայն համագործակցություն է ձեւավորվել։ Նա ընդգծեց, որ նման աշխատաժողովներն աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ։ Եվրոպական լավագույն փորձի ներկայացումը նպաստում է տեսչական մարմնի մասնագետների գիտելիքի հարստացմանը, օգնում նրանց քննարկումներ ծավալել եւ լուծումներ գտնել նաեւ ՀՀ շուկայում խնդիրների կարգավորման գործում։