ԵՏՀ մասնագետները Երևանում կներկայացնեն ապրանքների  գնահատման 10 նոր կանոնակարգերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում Երեւանում այսօր մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Անդամ-պետությունների համար ԵՏՀ-ն պարբերաբար նման հանդիպումներ է կազմակերպում՝ ներկայացնելու մշակված եւ շրջանառության մեջ դրված նոր տեխնիկական կանոնակարգերը։ Ինչպես նշեց ԵՏՀ Տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանն, իրենց մասնագետները կներկայացնեն 10 նոր կանոնակարգ, Հայաստանի մասնագետների հետ կքննարկեն ԵՏՄ միասնական դաշտում աշխատելիս ծագող խնդիրները։ Նպատակը հստակ աշխատող համակարգի ձեւավորումն է՝ տնտեսվարողների համար ապրանքների արտահանման եւ ներմուծման առումով հնարավորինս պարզ եւ անխոչընդոտ միասնական շուկա ձեւավորելը։

Մաքսուդյանը մասնավորապես նշեց, որ միասնական դաշտում աշխատելու արդյունքներն արդեն նկատելի են. շատ տնտեսվարողներ հավատարմագրման համար այլեւս սահմանափակումներ չունեն եւ հաճախ հավատարմարգում անում են ոչ այն երկրում, որտեղ հիմնական գործունեություն են ծավալում, այլ դիմում են ԵՏՄ անդամ այլ պետությունների։

Ապրանքների գնահատման առումով չափումների միասնականության ապահովման համակարգը, ԵՏՄ-ում ոչ պարենային ապրանքների համապատասխանության գնահատումը պետական գրանցման ձեւով, թեթեւ արդյունաբերության, օծանելիքի եւ կոսմետիկ միջոցների, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության տեխկանոնակարգերի կիրառման առանձնահատկությունները համաժողովի երկօրյա քննարկման թեմաներից են։