Կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանդիպումը սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար պարոն Կոտոլյանն առաջարկեց ներկայացնել առկա խնդիրները, մտահոգությունները և դրանց կանխարգելման, լուծման ու վերացման վերաբերյալ դիրքորոշումները:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց հասցեագրված բողոքների վիճակագրությունը՝ ըստ ոլորտների: Որպես մտահոգիչ խնդիրներ՝ ներկայացրին խաղալիքների, օծանելիքակոսմետիկական արտադրանքների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազաբալոնների, ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում առկա թերություններն ու խախտումները:

Խաղալիքների ոլորտում մասնակիցներին խիստ մտահոգում էր դրանց անվտանգության և որակի հարցը, իսկ օծանելիքակոսմետիկական արտադրանքի ոլորտում մտահոգություն կար գրամով վաճառվող օծանելիքի վերաբերյալ:

Ավտոգազալիցքավորման ճնշակայանների և տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման, դրանց՝ սահմանված կարգով պարբերական ստուգման հարցը թերևս ամենամտահոգիչն էր հանդիպման մասնակիցների համար:

«Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում գազի՝ կիլոգրամի փոխարեն խորանարդ մետրով վաճառքը պետք է կանոնակարգվի. վաճառքը պետք է կատարվի կիլոգրամով: Սահմանված չափից առավել լիցքավորումը և գազաբալոնների ոչ պարբերական ստուգումները հանգեցնում են դժբախտ դեպքերի, որոնց վերջերս հաճախակի ենք ականատես լինում»,-նշեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաձայնելով բարձրացված հարցի վերաբերյալ մտահոգությունների հետ՝ պարոն Կոտոլյանը նշեց, որ դա իր համար օրակարգային հարց է, և հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպումներ կկազմակերպվեն հարցին առնչվող շահագրգիռ կողմերի և կազմակերպությունների հետ, արդյունքների մասին կտեղեկացվի հասարակական կազմակերպություններին և հանրությանը:

Ուշագրավ էր նաև տնտեսվարողներին համապատասխանության գնահատման փաստաթուղթ տրամադրելու համար լաբորատոր փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների շուրջ քննարկումը: Ինչպես վկայում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լաբորատոր փորձաքննությունները երբեմն շեղվում են անկողմնակալության սկզբունքից և կրում են սուբյեկտիվ բնույթ: Իսկ որպես հիմնական մտահոգություն՝ նրանք նշեցին լաբորատորիաների անվերահսկելիության հանգամանքը՝ նշելով, որ վերահսկողությունը լաբորատորիաների նկատմամբ շատ կարևոր է:

Հանդիպման ավարտին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հայտնելով իրենց գոհունակությունը, առաջարկեցին աշխատանքներ տանել Տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնելու և ուժեղացնելու ուղղությամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ պարոն Կոտոլյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բարձրացված հարցերի, մտահոգությունների և պատրաստակամության համար՝ վստահեցնելով, որ նման հանդիպումները կրելու են շարունակական, պարբերական բնույթ: