Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 1-ին հանդիպում ունեցան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսրանի ուսանողների եւ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը ՏՄ-ի կանխարգելման եւ իրազեկման միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում էր եւ ուսանողության հետ առաջինն էր։ 

Ներկայացնելով ՇՎՏՄ գործունեության ոլորտը, ոչ պարենային արտադրանքի շուկայում իրականացվող վերահսկողության աշխատանքները՝ մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանն ընդգծեց, որ հանրության իրազեկումը եւ սպառողների բարձր իրավագիտակցությունն իրենց շահերի պաշտպանության ոլորտում լավագույն մեխանիզմներից մեկն է շուկայի անվտանգության ապահովման առումով։    
«Եթե չլինի հանրային վերահսկողություն, մենք հազիվ թե հասնենք ցանկալի արդյունքի։ Շուկան ընդգրկուն է, ու միայն պետական՝ վարչական վերահսկողության մեթոդներով սահմանափակվել չի կարելի։ Հատկապես երիտասարդությունն՝ ուսանողությունը հանրային վերահսկողության առումով մեծ անելիք ունի ու մենք հորդորում ենք ձեզ ակտիվ լինել»,- նշեց Արթուր Մկրտչանը։ 

Ապա նա անդրադարձավ ոչ պարենային արտադրանքի շուկայում ապրանքների  անվտանգությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարեւոր հարցերի, ինչպիսին են ապրանքների սերտիֆիկատները, հայտարարագրերը, մակնշումը, թանկարժեք մետաղների հարգորոշուն ու հարգադրոշմումը եւ այլն։ 

ՇՎՏՄ ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանն ուսանողների ուշադրությունը հրավիրեց չափագիտության ոլորտի՝ չափման տարբեր միջոցների պարտադիր ստուգաչափված լինելու անհրաժեշտությանը՝ դիդակտիկ նյութերով ցույց տալով, թե հատկապես ինչին ուշադրություն պետք է դարձնել գնումներ կատարելիս՝ խաբված չլինելու համար։ 

Ապա ՇՎՏՄ ղեկավարի տեղակալները պատասխանեցին ուսանողների եւ դասախոսների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին խանութում ապրանք գնելիս սերտիֆիկատ պահանջելուն եւ մակնշումներին ու չափման միջոցներին։