Կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Նախարար Սուրեն Կարայանի նախագահությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 15-ին կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական՝ 7-րդ նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում փոփոխություններ կատարելու առաջարկությունները, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի հաշվետվությունը, առաջին կիսամյակի ընթացքում ստացված բողոքների մասով իրականացված գործողությունները, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կատարողականի գնահատման, հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, տեսչական մարմնի կայքէջի սպասարկման կազմակերպման և մի շարք այլ հարցեր։

2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում փոփոխությունները կատարվել են ստուգաթերթերի բացակայության կամ տնտեսվարող սուբյեկտների լուծարման և գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառով։ Խորհրդի որոշմամբ, որոշ ստուգումների ժամկետները տեղափոխվել են 4-րդ եռամսյակ։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի ներկայացմամբ, մարմնի կողմից 2017թ առաջին կիսամյակում ստացված 113 հեռախոսազանգերի և 5 գրավոր դիմումի տրվել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ։

Նիստի ընթացքում քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ նախանշվել են որոշակի քայլեր և գործողություններ։