Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մարտի 13-15-ը տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի(ՄԽ) չափագիտական վերահսկողության, միջպետական չափանիշների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ վերահսկողության և հսկողության Գիտատեխնիկական հանձնաժողովի 24-րդ նիստը: Այստեղ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։

Նիստի հիմնական թեման ՄԽ-ի անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության միասնական սկզբունքների և մոտեցումների ուղղությամբ իրականացվող քայլերն էին։

Այդ շրջանակում քննարկվեցին ՄԽ 2016-2020թթ գործողությունների ծրագրին, պետական հսկողության և վերահսկողության մարմինների կողմից կիրառվող փաստաթղթերի արդիականացմանը և բարելավմանը, պետական վերահսկողության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման և ուսուցման նպատակով սեմինար-պարապմունքների առավել ընդգրկուն կազմակերպմանը, ըստ առաջնահերթ ուղղությունների՝ 2019-2020թթ ժամանակաշրջանի համար միջպետական ստանդարտների և չափագիտական վերահսկողության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նպատակով վերահսկողության և հսկողության ոլորտում ստուգվող օբյեկտների ցանկի մշակմանը վերաբերող հարցեր։

Որոշվեց ոլորտում միասնական քաղաքականության եւ գործողությունների ապահովման նպատակով մինչև հաջորդ նիստը ներկայացնել առաջարկություններ՝ տեխնիկական կանոնակարգերի չափանիշների և կանոնների պահպանման պետական հսկողության (վերահսկողության) մոտեցումների և սկզբունքների ուղղությամբ։