Այսօր՝ հուլիսի 28-ին ՇՎՏՄ ներկայացուցիչները՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, իրազեկում-հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզում։
 
Մարզկենտրոն Գավառում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, թանկարժեք մետաղների առք ու վաճառքով զբաղվողներ, ԱԳԼՃԿ-ների եւ բենզալցակայանների պատասխանատուներ։    
 
Արթուր Մկրտչյանն՝ ըստ ոլորտների, անդրադարձավ չափագիտական կանոնների եւ նորմերի պահանջներին, թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշման հարցերին, բենզինի եւ գազի վաճառքի առումով տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
 
Ապա տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան։ Հիմնականում բարձրացված հարցերը վերաբերում էին բուժհաստատություններում ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափված լինելու պահանջին։ Եվս մեկ անգամ շեշտվեց, որ բուժհաստատություններում օգտագործվող սարքերը պետք է ստուգաչափված լինեն՝ ըստ Կառավարության 2016 թվականի N 113-Ն որոշման։ Շատ էին նաեւ ոսկու առեւտրով զբաղվող տնտեսվարողների հարցերը՝ հատկապես ապրանքների հարգադրոշման առնչությամբ։   
 
ՇՎՏՄ մասնագետները նշեցին նաեւ, որ տնտեսվարողները կարող են ոլորտի հետ կապված տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` 2018 թվականի ստուգումների ծրագրում ընդգրկված լինել-չլինելու մասին տեղեկություն ստանալ տեսչական մարմնի կայքից։ Ինչպես նաեւ տեսչական մարմնին դիմել թեժ գծի հեռախոսահամարով՝ 010-23-56-00։