ՇՎՏՄ-ն ստուգումներն իրականացնում է նախօրոք հաստատված տարեկան ծրագրով. պատասխանատուները Կոտայքում հանդիպեցին տնտեսվարողներին

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր տեղի ունեցավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) մարզային իրազեկում-հանդիպումը ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ։

Հանդիպումը 2017-ին այս շարքի երրորդն է՝ Շիրակից եւ Սյունիքից հետո։ ՇՎՏՄ պատասխանատուները տնտեսվարողներին ներկայացրին ոլորտի նորությունները՝ նոր հաստատված տեխկանոնակարգերը, այս տարվա ինն ամիսներին իրականացված ստուգումների արդյունքները, արձանագրված հիմնական խնդիրները։

Նախ տեղեկացվեց, որ ՇՎՏՄ-ի ստուգումներն իրականացվում են տարեկան ծրագրով, որը հաստատվում է վաղօրոք եւ տարեսկզբին պարտադիր հրապարակվում մարմնի prosafe.am կայքում։ Ուստի տնտեսվարողները կարող են ծանոթանալ, թե իրենք ներառվա՞ծ են դրանում, ինչպես նաեւ՝ մյուս բոլոր տեխկանոնակարգերին, որոնք այժմ մշակվում են եւ որոնց համաձայն իրականացվում են ստուգումները։

Իսկ այս տարի սեպտեմբերի 29-ի դրությամբ ողջ հանրապետությունում արդեն իրականացվել է 127 ստուգում եւ նշանակվել է ավելի քանի 13.200 մլն դրամ տուգանք։

Կոտայքի մարզում իրականացվել է 14 ստուգում, արձանագրված խախտումները նույնաբնույթ են, ինչ հանրապետության մյուս մարզերում։ Դրանք են՝ հայերեն մակնշման եւ որակի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայությունը, գազալցակայաններում լիցքավորման ճնշման գերազանցում, իսկ բենզալցակայաններում՝ բենզինի թերլիցքավորում ու որակի հետ կառված խնդիրներ։

Հանդիպման նախաձեռնողները շեշտեցին, որ տնտեսվարողներին իրազեկելով՝ ՇՎՏՄ-ն նպատակ ունի նրանց զերծ պահել տուգանքներից եւ գործընկերային իր սզբունքին հավատարիմ՝ պատրաստ է միշտ եւ ցանկացած ձեւաչափով տեղեկություն տրամադրել նրանց։

Տնտեսվարողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՇՎՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանն, արձագանքելով դիտարկմանը, որ գազի ճնշման կանոնակարգումը համակարգային լուծում է պահանջում, քանի որ անհատապես ոչ բոլոր տնտեսվարողներն են բարեխիղճ գտնվում եւ հետեւում կանոնակարգերին, ինչը վնասում է մյուսներին, ասաց.

«Խնդրի լուծման նման մի տարբերակ այժմ քննարկվում է, եւ կարծում եմ՝ շուտով դուք այդ մասին կտեղեկանաք»։

Տնտեսվարողներին հետաքրքրում էին նաեւ սերտիֆիկատների ձեռքբերման, թեթեւ արդյունաբերական ապրանքների, քսանյութերի տեխկանոնակարգերին վերաբերող մի շարք հարցեր, որոնց առնչությամբ նրանք ստացան սպառիչ պատասխաններ։