Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր տեղի ունեցավ իրազեկում-հանդիպում ցածրավոլտ եւ տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսկան համատեղելիության սարքավորումների ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ։
2018-ի ստուգումների ծրագրում ընդգրկված ընկերություններին, որոնք ոլորտում հիմնականում խոշոր ներմուծողներ են, ներկայացվեցին դաշտը կանոնակարգող օրենսդրությունը, տեխնիկական կանոնակարգերի պահանջերը եւ իրենց պարտավորությունների շրջանակը։
«Նման հանդիպումները շատ կարեւորում ենք եւ ուզում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ հանուն անվտանգ շուկա ունենալու։ Մեր նպատակը չի եղել եւ չէ՝ գալ, Ձեզ տուգանել եւ կասեցնելը։ Դրա համար խնդրում ենք ուշադրություն դարձնել այն խնդիրների վրա, որոնք այսօր կներկայացվեն Ձեզ»,- նշեց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը։
ՇՎՏՄ մասնագետներն անդրադարձան հիմնականում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի պահանջներին, ըստ այդմ՝ ապրանքների սերտիֆիկացման եւ մակնշման հարցերին եւ պատասխանեցին տնտեսվարողների բազմաթիվ հարցերի։ Դրանք հիմնականում առնչվում էին մի քանի տարի առաջ ներկրված եւ ցայսօր չսերտիֆիկացված ապրանքներին, ԵԱՏՄ կամ երրորդ երկրից ներմուծումների դեպքում սերտիֆիկացման, փոքրածավալ ապրանքների հայերեն մակնշման հարցերին։
ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը ներկաներին նաեւ հավաստիացրեց, որ տեսչական մարմինը պատրաստ է ցանկացած ժամանակ անհատական խորհրդատվություն տրամադրել բոլորին։ Ըստ անհրաժեշտության նրանք կարող են կապվել տեսչական մարմնի հետ թեժ գծի հեռախոսահամարով՝ 010-23-56-00, ինչպես նաեւ օգտվել կայքում՝ prosafe.am-ում տեղակայված ծավալուն տեղեկություններից։