2019թ. Հունվար 10
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հրավիրել էր ԱԳԼՃԿ ոլորտի տնտեսվարողներին՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման տարբերակները:
Նախ, պարոն Կոտոլյանը բոլոր հրավիրվածներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ապա անդրադառնալով հանդիպման թեմային՝ ներկայացրեց խնդիրները և հորդորեց քննարկման ընթացքում լինել ակտիվ և անկաշկանդ:
Իր խոսքում Տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձավ ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի ծավալի հետ կապված խնդրահարույց հարցին` փորձելով իմանալ ինչ հետևանքներ կարող է ունենալ տնտեսվարողների համար գազի վաճառքը մ3-ի փոխարեն կգ-ով իրականացնելը, ինչպես անել վնասներից խուսափելու համար:
Տնտեսվարողների մի մասը նշեց, որ բոլոր պետական վճարումները կատարում են մ3–ով, մինչև անգամ ՀԴՄ կտրոնների վրա նշվում է մ3: Նրանց համոզմամբ կգ-ով վաճառք իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրենց վաճառվող գազը նույնպես հաշվվի կիլոգրամով, այլ ոչ թե խորանարդ մետրով:
Մյուս մասը Տեսչական մարմնի ղեկավարի ուշադրությունը հրավիրեց նաև մեկ այլ, ոչ պակաս խնդրահարույց հարցին՝ վաճառվող գազի ճնշման չափին և գազաբալոնների մաշվածությանը:
Անդրադառնալով տնտեսվարողների բարձրացրած հարցերին՝ պարոն Կոտոլյանը նշեց, որ կիլոգրամով վաճառք իրականացնելու դեպքում կվերանա անհավասար մրցակցությունը և այս փոփոխությանն անցնելու համար Տեսչական մարմինը անպայման կանցկացնի իրազեկման հանդիպումներ թե տնտեսվարողների, թե սպառողների և թե շահագրգիռ մարմինների հետ:
Արմեն Կոտոլյանը նշեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այս հարցի լուծման եղանակները և միջոցները: Նա առաջարկեց տնտեսվարողներին՝ ներկայացնել երկու անձի թեկնածություն՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար:
Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և կառուցողական, բուռն քննարկում ծավալելու համար՝ հիշեցնելով, որ փոխհարաբերությունները պետք է լինեն գործընկերային: