Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս անգամ Վայոց Ձորի մարզում էր: Անց էր կացվում հերթական իրազեկում- հանդիպումը, որի նպատակը, ինչպես միշտ, տնտեսվարողներին իրազեկելն էր՝ իրենց ոլորտների օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին: Հանդիպմանը մասնակցում էին մարզի բուժհիմնարկների, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների, առողջարանների, դեղատների, թանկարժեք մետաղների և ոչ պարենային այլ ապրանքների մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող երեսունից ավելի տնտեսվարողներ, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Տերտերյանը:

Պարոն Մկրտչյանը նախ ողջունեց տնտեսվարողներին, ապա անդրադառնալով հանդիպման բուն թեմային՝ ներկայացրեց համապատասխան ոլորտների օրենսդրական փոփոխություններն ու իրավական ակտերը, հորդորեց գործել պատասխանատվության բարձր զգացումով:

Հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական աշխատանքային մթնոլորտում, եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց Տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից տրվեցին հստակ, սպառիչ պատասխաններ:

Բուժհիմնարկների և առողջարանների ներկայացուցիչները դժգոհություն հայտնեցին չափագիտական նորմերի պահպանման վերաբերյալ ընդունված իրավական ակտերում առկա՝ համապատասխան չափիչ սարքերի և սարքավորումների չափագրման համար սահմանված արժեքներից:

«Խնդիրը իսկապես մտահոգիչ է, դժգոհությունը հասկանալի, սակայն Տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում, ցավոք, չի կարող լուծում տալ, քանի որ այն դուրս է մեր լիազորություններից: Այնուամենայնիվ, մենք կփորձենք ձեր մտահոգությունները փոխանցել համապատասխան պատկան մարմիններին: Մեր փոխհարաբերությունները տնտեսվարողների հետ գործընկերային բնույթ է կրում, ինչը ենթադրում է, որ մենք, բացի ստուգումների միջոցով վերահսկողություն իրականացնելուց, փորձում ենք նաև ձեր կողմից վեր հանված խնդիրները լուծել մեր լիազորություններ սահմաններում և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»,- պատասխանեց Արթուր Մկրտչյանը:

Հանդիպման ավարտին, ամփոփելով աշխատանքը, պարոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին և հավաստիացրեց, որ հանդիպումները կլինեն շարունակական և միտված՝ գործընկերային հարաբերությունների սերտացմանը: