Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր եւ կարեւոր խնդիրներից մեկն է, եւ հատկանշական է, որ այն նաեւ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցը դարձավ։ 
 
Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հանդիպման էր հրավիրել ոլորտում ակտիվորեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ 2018-ի համագործակցության եզրերը հստակեցնելու համար։ 
 
ՀԿ-ներին նախ ներկայացվեցին ՏՄ-ի այս տարվա գործունեության, ստուգումների եւ հանրային իրազեկման աշխատանքների ծրագրերը։ Քննարկման առանցքային հարց դարձած խաղալիքների անվտանգության առումով նշվեց, որ 2018-ին նախատեսվում է ստուգել 47 ընկերություն։ 2017-ին ՇՎՏՄ-ի իրականացրած ստուգումները փաստում են, որ ոլորտում լուրջ բաց կա, ստուգված տնտեսվարողների մեծ մասը տուգանվել է խախտումների համար։ Ոլորտի առավել ռիսկայության մասին է վկայում նաեւ 2017-ին ՀՀ տարածք խաղալիքների ներմուծումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը, ըստ որի՝ նման արտադրանք ներմուծած տնտեսվարող 76 սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը կամ 18,4 տոկոսը։ 
 
Ուստի ՀԿ-ների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության հիմնական ուղղություններից մեկը սահմանել խաղալիքների անվտանգությունը եւ այս ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկել։ ՀԿ-ների ներկայացուցիները նշեցին, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու խաղալիքների սերտիֆիկացման գործընթացը եւս։